Ագարակ հնավայր
Անվանումը՝ Ագարակ
Հուշարձանի տեսակը՝ Դամբարանադաշտ
Տարածաշրջան՝ Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան՝ Նախապատմական
Անվանումը՝ Ագարակ պատմամշակութային արգելոց
Անվանումը այլ՝ Ագարակի հնավայր
Հուշարձանի տեսակը՝ Բազմաշերտ բնակատեղի, դամբարանադաշտ, «սրբազան լանդշաֆտ»
Մարզը՝ Արագածոտնի մարզ
Համայնքը՝ Աշտարակ համայնք
Բնակավայրը՝ Ագարակ և Ոսկեհատ գյուղեր
Տեղադրությունը՝ Զբաղեցնում է շուրջ 200 հա տարածք՝ ձգվելով ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղից մինչև Ոսկեհատ: 2001 թ. հնավայրին տրվել է արգելոց-թանգարանի կարգավիճակ, որն զբաղեցնում է 118,2 հա տարածք:
Պահպանվածությունը՝ Տարածքը խաթարվել է ջրատարերի, ճանապարհների անցկացման, քարհանքի շահագործման հետևանքով։ Հուշարձանի հյուսիսային հատվածը Երևան – Գյումրի մայրուղու կառուցման հետևանքով բաժանվել է երկու մասի:
Կորդինատները՝ 40.29568, 24.27787
Բարձրությունը՝ ծ.մ. 1050 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Թվագրվում է մ.թ.ա. III հազ. առաջին քառորդից մինչև մ.թ. XVIII դարը։
Ագարակ
📍 Ուսումնասիրության պատմություն
❈ Հուշարձանի պեղումները սկսվել են 2001 թվականից։
❈ Կատարվել են Ագարակի հյուսիսային համալիրի ժայռահարթակի վրա՝ մայրուղու կառուցման հետևանքով երկու մասի բաժանված հատվածում։
❈ Պեղումները իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, ղեկավար՝ Պ. Ավետիսյան։
🏺 Հնագիտական նկարագրություն
Բնակեցում և կառուցվածքներ
❈ Ագարակը բնակեցվել է ավելի վաղ բրոնզեդարյան շրջանում (Ք.ա. XXIX–XXVII դդ.)։
❈ Առաջին հարթակի հյուսիս-արևմտյան եզրին բացված փողոցը, կլոր հատակագծով կացարանները և քառանկյուն կցակառույցները վկայում են կանոնավոր բնակավայրի մասին։
❈ Մ․թ․ա․ XV դարից ոչ ուշ հյուսիսային համալիրի ժայռահարթակը (~1500 քմ) ամրացվել է մինչև 7,5 մ լայնքով պարսպապատով։
Ուրարտական և անտիկ շրջաններ
❈ Ուրարտական շրջանում բնակավայրի մի մասը վերածվել է դամբարանադաշտի։
❈ Պեղվել են մ․թ․ա. VIII–VII դարերի ժայռափոր դամբարաններ, ուրարտական կնիքով կարասային թաղումներ։
❈ Ագարակը դարձել է քաղաքային տիպի խոշոր բնակավայր, զգալի առևտրական և տնտեսական կյանքի կենտրոն։
❈ Գտնված գինու հնձանները վկայում են խաղողագործության ու գինեգործության կարևորության մասին։
Կրոն և միջնադարյան մշակույթ
❈ Մ.թ.ա. II–IV դդ. և մ.թ. IV–V դդ. օգտագործվել է որպես գերեզմանոց, ներառյալ առաջին քրիստոնեական համայնքների թաղումներ։
❈ Բնակվել է նաև վաղ միջնադարում և IX–XIII դարերում, երբ ավերակ տարածքները նույնպես օգտագործվել են գերեզմանոցների համար։
«Սրբազան լանդշաֆտ»
❈ Հնավայրում կան վիմափոր կառույցներ, որոնք ընդգրկում են տասնյակ հեկտարների տարածք։
❈ Նկարագրական են քարաբլուրները, տուֆի հարթակները, ժայռաբեկորները, բազմապիսի փոսիկներն ու «թասիկ» և «գիսաստղ» հիշեցնող փորվածքները։
❈ Օգտագործվել են ծիսական արարողությունների համար, ներառյալ լաբիրինթոսներ, օթյակներ, գահեր, զոհասեղաններ։
🔎 Գտածոներ
❈ Կենդանակերպ և մարդակերպ արձանիկներ՝ մեծամասամբ այրվածքների հետքերով, նվիրված նախնիների պաշտամունքին։
❈ Կանանց կերպարած արձանիկներ՝ պտղաբերության խորհրդանիշներ։
🌟 Նշանակությունը
❈ Ագարակի հնավայրն առանձնահատուկ է Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների պատմամշակութային դաշտում։
❈ Այն ներկայացնում է երկարատև բնակեցման, առևտրի և ծիսական կյանքի պատմություն, ինչպես նաև կրոնական ու մշակութային ժառանգություն։
📖 Ավանդազրույցներ
❈ Հուշարձանը մշտապես եղել է օրիգինալ ու խորհրդանշական, կապված ժողովուրդների հավատալիքների և ծիսական ավանդույթների հետ։
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանի պեղումներն սկսվել են 2001 թվականից: Մինչ օրս պեղումներ են կատարվել Ագարակի հյուսիսային համալիրի՝ մայրուղու կառուցման հետևանքով երկու մասի բաժանված ժայռահարթակի վրա: Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը /ղեկ․ Պ.Ավետիսյան/:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Ինչպես ցույց են տալիս պեղումները Ագարակը բնակեցվել է վաղ բրոնզի դարաշրջանում: Առաջին հարթակի հյուսիս-արևմտյան եզրին բացված փողոցը, փողոցի երկու կողմերում առկա կլոր հատակագծով կացարաններն ու քառանկյուն կցակառույցները վկայում են, որ վաղ բրոնզում այստեղ եղել է կանոնավոր հատակագծով բնակավայր, որ գոյատևել է Ք.ա. XXIX-XXVII դդ.::
Մ․թ․ա․ XV դարից ոչ ուշ հյուսիսային համալիրի ժայռահարթակը /շուրջ 1500 քառ․ մ մակերեսով/ ամրացվել է աննախադեպ չափսերի լայնք ունեցող (մինչև 7,5 մ) պարսպապատով։ Պարսպի հիմքի շարի մեջ բացված անտիկ շրջանի թաղումները ցույց են տալիս, որ մ․թ․ա․ III դարում հյուսիսային հատվածի պարիսպից պահպանվել էր միայն պարիսպի հիմքի առաջին շարը։
Ուրարտական շրջանում հնավայրի մի մասը վերածվել է դամբարանադաշտի: Պեղվել է մ.թ.ա. VIII-VII դարերի ժայռափոր դամբարան, ուրարտական կնիքով կարասային թաղում: Ժայռափոր դամբարանն ունի «հորան-նախամուտք», մուտք և մեկ սրահ։ Դամբանասրահի երեք պատերն օժտված են մեծ ու փոքր խորշերով, իսկ հյուսիսային պատի տակ ունի հատակի մեջ փորված ավազան։ Վանի թագավորության կազմալուծումից հետո Ագարակը քաղաքային տիպի խոշոր բնակավայր էր: Պեղված մակերեսներում բացված գինու հնձանների մեծ քանակը վկայում է, որ խաղողագործությունն ու գինեգործությունն ագարակցիների կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել: Այրարատից Դեպի Շիրակ և Անի տանող առևտրական մայրուղու կարևորագույն հանգույցներից մեկը լինելով, այս բնակավայրի տնտեսական և առևտրական կյանքը ծաղկում է ապրել հատկապես Ք.ա. IV/III – Ք.հ. II/ IV դարերում:
Հետաքրքիր տվյալներ են գրանցվել հնավայրի այն հատվածներում, որոնք մ.թ.ա. II-I դարերից մինչև մ.թ. IV-V դարերն ընկած ժամանակահատվածում օգտագործվել են, որպես գերեզմանոց: Այստեղ ուշ անտիկ շրջանին բնորոշ նյութերով դամբարանների հետ բացվել են քրիստոնյաների թաղումներ պարունակող թաղման կառույցներ: Շերտագրական տվյալները և քրիստոնյանների թաղումներում հանդիպող անտիկ շրջանին բնորոշ նյութերը թույլ են տալիս շեշտելու, որ դրանք Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուն նախորդող ժամանակահատվածի՝ մ.թ. II-IVդարերի վաղագույն քրիստոնեական մի համանքի անդամների թաղումներ են:
Հուշարձանը բնակեցվել է նաև վաղ միջնադարում և IX-XIII դարերում: Ընդ որում IX-XIII դարերում բնակավայրի ավերակված հատվածներն օգտագործվել են, որպես գերեզմանոց: Մասնավորապես հյուսիսային համալիրի ծայր արևմտյան հատվածում պեղված բազմասենյակ սյունասրահով, ընդարձակ սրահով և կից սենյակներով վաղ միջնադարյան համալիրի (V-VII դդ․) ավերակների տեղում հետագայում՝ IX-XIII դարերում թաղումներ են կատարվել։
🌆«Սրբազան լանդշաֆտ»
Ագարակի հնավայրում արձանագրվել են վիմափոր կառույցներ, որոնք հսկայական տարածք են զբաղեցնում: Դրանք «սրբազան կամ ծիսական լանդշաֆտի» բացառիկ օրինակներ են և խոշորագույնը ողջ տարածաշրջանում: Տասնյակ հեկտարների վրա անընդմեջ շարունակվող քարաժայռերը, տուֆի ելքերը, քարաբլուրներն ու տուֆի հարթակները, առանձին կանգնած ժայռաբեկորներն ամբողջ մակերեսով, եզրերով մշակված են: Բազմապիսի ու բազմաթիվ փոսիկներից, «թասիկ», «գիսաստղ» հիշեցնող փորվածքներից, տաշտականման ավազաններից, «լաբիրինթոսներից», «օթյակներից» «գահերից», «զոհասեղաններից» և այլ կառուցվածքներից բաղկացած միավորները, հավանաբար, օգտագործվել են ծիսական արարողությունների ժամանակ:
🔨 Գտածոներ
Ուշագրավ են Ագարակ հնավայրից գտնված կենդանակերպ և մարդակերպ արձանիկները, որոնք մեծամասամբ այրվածքների հետքեր ունեն: Ուսումնասիրողների կարծիքով այս պաշտամունքային արձանիկները կարող էին նվիրված լինել նախնիների պաշտամունքին, իսկ կանանց կերպավորող արձանիկները՝ պտղաբերության և արգասաբերության խորհրդանիշեր էին:
🌍 Նշանակությունը
Հուշարձանն ունի հանրապետական նշանակություն։
📚 Աղբյուրներ՝
Գրականություն
- Ավետիսյան Պ., Գասպարյան Բ., Ագարակի հուշարձանախմբի 2001 թ. պեղումները, Հին Հայաստանի մշակույթը XII, Երևան, 2002, էջ 9-13։
- Ավետիսյան Պ., Հնագիտական հուշարձանների պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում. Ագարակի պատմամշակութային արգելոց, Հայկական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում, Կլոր սեղան, Երևան-Օշական, 2008 թ. էջ 124-128;
- Թումանյան Գ., Ագարակի հնագիտական համալիրի I11 և H11 քառակուսիների պեղումների նախնական արդյունքները, Հին Հայաստանի մշակույթը XII, Երևան, 2002, էջ 13-18։
- Թումանյան Գ., Ագարակի հնավայրի թրծակավե արձանիկները, Հայաստանի հնագույն մշակույթը 2, Երևան, 2002, էջ 36-43։
- Թումանյան Գ., Ագարակի հնավայրի I տեղամասի 2002 թ. պեղումները, Հին Հայաստանի մշակույթը XIII, Երևան, 2005, էջ 60-66;
- Թումանյան Գ., Ագարակի հնագիտական հուշարձանի I տեղամասի 2004-2005 թթ. պեղումները, Հին Հայաստանի մշակույթը XIV, Երևան, 2008, էջ 69-73;
- Թումանյան Գ., Ավետիսյան Պ., Սանամյան Հ., Պեղված շինությունների ժամանակավոր ամրակայումը Ագարակի հնագիտական համալիրի I տեղամասում, Հին Հայաստանի մշակույթը XIV, Երևան, 2008, էջ 75-79;
- Թումանյան Գ.Ս., Ագարակ I, Վաղբրոնզեդարյան բնակավայրը (2001-2008 թթ.), Հնագիտական պեղումները Հայաստանում N25, Երևան 2012;
- Թումանյան Գ., Հնագույն հայկական մշակույթի նորահայտ հուշարձան Ագարակում, Պատմա-բանասիրական հանդես, N1, 2013, Էջ 159-169):
- Կարապետյան Ի., Ենգիբարյան Ն., Ագարակի դամբարանային համալիրները (Նախնական հաղորդում), Հայաստանի հնագույն մշակույթը 2, Երևան, 2002, էջ 58-65։
- Մելիքյան Վ., Ագարակի միջինբրոնզեդարյան խեցեղենի բնութագրության շուրջ, Հին Հայաստանի մշակույթը XIII, Երևան, 2005, էջ 102-108;
- Վարդանյան Ռ., Ագարակի 2001 թ. հնագիտական պեղումներից հայտնաբերված Օգոստոս կայսեր դենարը (նախնական հաղորդում), Հին Հայաստանի մշակույթը XII, Երևան, 2002, էջ 65-70;
- Քալանթարյան Ի., Ագարակի նորահայտ ժայռափոր դամբարանը, Հին Հայաստանի մշակույթը XIII, Երևան, 2005, էջ 154-160;
- Avetisyan P., Recently Found Archaeological Sites of Armenia (Agarak), Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, Volume III, Issue 2, 2008, pp. 39-50, 194-195, 208-216;
- Badalyan R.S., Avetisyan P.S., Agarak, in Bronze and Iron Age Archaeological Sites of Armenia I, Mt. Aragats and its Surrounding Region, BAR International Series 1697, Archaeopress, Oxford, 2007, pp. 24-35;
- Аветисян П., Предварительные результаты раскопок памятника Агарак, Археология, Этнология и Фольклористика Кавказа, Материалы Международной Конфереции, Первопрестольный Святой Эчмиадзин, 2003, стр. 52-57;
- Аветисян П., Священный ландшафт. К характеристике культовых сооружений Агарака, в “Mythical Landscapes. Then and Now. The Mystification of Landscapes in Search for National Identity”, Yerevan-Antares, 2006, pp. 256-260․
Հուշարձանների ցանկ
Արագածոտն՝ պետ. ցուցիչ 2.4.1։
Ագարակ պատմամշակութային արգելոց
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։