Tanahat Monastery

Թանահատի վանք

Անվանումը` Թանահատի վանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Վայոց ձորի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Թանահատի վանք

Այլ անվանումներ` Թանահատի Ս. Ստեփանոս, Թանատի վանք, Գլաձոր

Հուշարձանի տեսակը` Վանական համալիր ամրոց

Մարզը` Վայոց ձոր

Համայնքը` Գլաձոր

Բնակավայրը` գ. Վերնաշեն

Տեղադրությունը` Գյուղ Վերնաշենից 5 կմ հարավ-արևելք, Թեքսարի հարավային ստորոտում, երկու ձորակների միջև ընդարձակ սարահարթի վրա:

Պահպանվածությունը` Վերականգնված, մասնակի ամրակայված

Բարձրությունը` ծ.մ. 1615 մ

Դարաշրջանը և թվագրությունը` V-VII դդ., XIII-XIV դդ., վաղ միջնադար և զարգացած միջնադար

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հուշարձանը նկարագրել են XIX-XX դդ. տեղագիր ուսումնասիրողները (Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Եր. Լալայան, Հ. Եղիազարյան): XX դ. առաջին քառորդին Թանահատի վանքին անդրադարձել է Գ. Հովսեփյանը՝ Պռոշյան իշխանական տոհմի պատմությունը ներկայացնող արժեքավոր մենագրության մեջ: XX դ. կեսերին վանքի վիմագրերը հավաքել է Ս. Բարխուդարյանը: Նույն ժամանակ մի շարք հրապարակումներ լույս տեսան (և առ այսօր հրատարակվում են)՝ կապված Գլաձորի համալսարանի տեղադրության, նրա՝ որպես կրթամշակութային ու գրչության կենտրոնի նշանակությունը լուսաբանող խնդիրների հետ (Լ. Խաչիկյան, Ա. Ավետիսյան, Լ. Խաչերյան, Ա. Աբրահամյան և այլք): Վանքի ուսումնասիրության պատմության մեջ շրջադարձային եղավ Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակի առթիվ 1970-ականների սկզբին ձեռնարկված պեղումները՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ: Ի հայտ եկան նոր շինություններ, բազմաթիվ վիմագրեր ու հնագիտական հարուստ հավաքածու, որոնք լույս սփռեցին վանքի հիմնադրման ու գործունեության մի շարք կարևոր խնդիրների պարզաբանման վրա: 

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն 
Հուշարձանը տեղակայված է ընդարձակ սարահարթին՝ շրջապատված բազմաթիվ բնակելի, տնտեսական ու քաղաքացիական շինությունների ավերակներով:

Շերտագրություն 
Ըստ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի որպես վանք հիմնադրվել է VIII դարում, երբ անբարո կնոջ կողմից Մոզ ավանում սպանված Ստեփանոս Սյունեցու մարմինը Արկազի Ս. Խաչ եկեղեցուց տեղափոխում են այստեղ ու կառուցում մատուռ-դամբարան: Այն հայտնաբերվեց 1970-ական թթ. իրականացված պեղումներով՝ Ս. Ստեփանոսի հարավային կողմում:

Վանքի հիմնական շենքերը կառուցվել են XIII դ. վերջին, Պռոշյան իշխանների հովանավորությամբ:

Ըստ շրջանառվող կարծիքի՝ 1280 թ. այստեղ է հիմնվում Գլաձորի համալսարանը, որը XIII դ. վերջին քառորդում ստեղծված կրթական ամենահռչակավոր կենտրոնն էր: Այն գործեց մոտ 60 տարի՝ Ներսես Մշեցու և Եսայի Նչեցու առաջնորդությամբ: Ընդօրինակված բազմաթիվ ձեռագրերի հիշատակարաններում Գլաձորն անվանվում է «երկրորդ Աթենք պանծալի», «մայրաքաղաք իմաստնաց» ձևերով: Հռչակն այնքան մեծ էր, որ այստեղ սովորելու էին գալիս Մեծ Հայքի տարբեր ծայրերից ու հայկական Կիլիկիայից: Գլաձորի սաներից էին Տիրատուր Կիլիկեցին, Հովհան Որոտնեցին, Ստեփանոս Օրբելյանը և ժամանակի նշանավոր այլ գիտնականներ, գրիչներ ու մանրանկարիչներ:

Հնավայրի տարածքում XVII-XVIII դդ. բնակություն է հաստատել մուսուլման ազգաբնակչություն, որն օգտագործել է XIII-XIV դդ. կառուցված շինությունները:

1972-74 թ. իրականացվել են կառույցների նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (Ս. Մաթևոսյան):

Ճարտարապետություն
Բաղկացած է Ս. Ստեփանոս եկեղեցուց, նրան հյուսիսից կից Ս. Նշան եկեղեցուց, գավթի մնացորդներից, հարավային կողմում պեղումներով բացված և նույնպես Ս. Ստեփանոս կոչվող վաղ բազիլիկից ու գավթից, սեղանատնից ու վանքապատկան այլ շինությունների մնացորդներից:

Ս. Ստեփանոս գլխավոր եկեղեցին կառուցել է Պռոշ իշխանը 1273-1279 թթ.: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով գմբեթավոր հորինվածք է՝ բարձր բազմանիստ թմբուկով, որը պսակված է հովհարաձև վեղարով: Կառուցված է մուգ կապտավուն բազալտի սրբատաշ քարերով, որի պատճառով XVIII-XIX դդ. թրքախոս բնակչությունն անվանել է Ղարավանք: Արևելյան և հարավային ճակատները հարդարված են եռանկյունաձև զույգ խորշերով, լուսամուտները եզերված են ռելիեֆ շրջանակներով: Արտաքին հարդարանքում աչքի են ընկնում արևմտյան միակ շքամուտքը, թմբուկին ու հարավային ճակատին տեղադրված զոհը մագիլներում բռնած թևատարած արծվաքանդակը, առյուծի և ցուլի գոտեմարտը, կաքավին կտցող բազեն, կենդանիների ու թռչունների առանձին բարձրաքանդակներ:

Ս. Նշանը միանավ բազիլիկ թաղակապ կառույց է, որի արևմտյան շքամուտքի ճակատակալ քարին պատկերված է առյուծին նիզակահարող hեծյալի քանդակը: Ճակատաքարի կիսակլոր լայն շրջանակը հարդարված է շթաքարե զարդաքանդակներով: Կառուցվել է 1280-1302 թթ. միջակայքում:

Ս. Ստեփանոսի և Ս. Նշանի արևմտյան կողմում պեղումներով բացվել են գավթի հիմնապատերի մնացորդները: Հատակը պատված է եղել 24 տապանաքարերով:

Ս Ստեփանոս բազիլիկ եկեղեցին V-VII դդ. բնորոշ, դեղնավուն սրբատաշ ֆելզիտով կառուցված միանավ սրահ է՝ արևելյան կողմում ավանդատներով: Մուտքն արևմտյան կողմից է: Հարավարևելյան կողմում կցվել է փոքր մատուռ: Ըստ հայտնաբերված շինարարական արձանագրության 

վերակառուցվել է 1215 թ. Վասակ Խաղբակյանի պատվերով: Վերակառուցման ժամանակ բացվել է հարավային մուտքը՝ հաղորդակցվելով նորակառույց բաժանմունքի հետ: 1270-ական թթ. նորից մասնակի վերակառուցվել է՝ վերածվելով, հավանաբար, ուսումնական շենքի:

Գավիթը կցակառուցվել է արևմտյան կողմում, որից պահպանվել են միայն հիմնապատերը: Քառակուսի, քառասյուն շինություն է, որի հատակն ամբողջությամբ ծածկված է սալատապաններով:

Հուշարձանախմբի տարածքում կան բազմաթիվ բնակելի սենյակներ՝ թոնիրներով ու տնտեսական հորերով:

🔨 Գտածոներ

Ճարտարապետական դետալներ, վիմագրեր, խաչքարեր, խեցեղեն, մետաղե առարկաներ:

🌍 Նշանակությունը

XIII-XIV դդ. ամենանշանավոր հոգևոր, կրթամշակութային կենտրոնն էր, ուր գործել է Գլաձորի համալսարանը: 

📜 Ավանդազրույցներ

Վանքի միաբանները սնվում էին միայն հացով ու ջրով և որովհետև թանից կտրված էին, ուստի կոչվեցին թանահատներ, որից էլ վանքը ստացավ Թանահատ անունը:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Հովսեփյան Գ. 1928, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ (պատ­մա­գի­տա­կան ուսումնասիրություն), մասն Ա, Վաղարշապատ, Պետհրատի առաջին տպա­րան, 298 էջ:
  2. Ղարիբյան Ի., Գլաձոր. Տեղադրությունը, պեղումները, վիմագիր արձանագրությունները, Երևան, Երևանի Համալսարանի հրատ., 1983, 244 էջ:
  3. Սարգսյան Գ., Խաչատրյան Ա. 1980, Վայոց ձոր (Պատմահայրենագիտական ուրվագիծ), Երևան, «Հայաստան», 157 էջ:

Հուշարձանների ցանկ
Վայոց ձոր 11.42/8


Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ