Հայերեն աուդիո ուղեցույց
- Կտտացրեք ՝ աուդիո ուղեցույցը լսելու համար
Մուտքի դարպասների մոտ
Դե ինչ, սկսենք։ Մտիր արգելոց և մոտեցիր դիտակետին։ Բարո՛վ ես եկել։
Դիտակետում
Ճամփից հոգնած կլինես, նստի՛ր, հանգստացի՛ր և լսի՛ր ամրոցի պատմությունը:
Ամբերդը կառուցել են Բագրատունի արքաները 10-րդ դարում։ Այդ անհանգիստ շրջանում, մայրաքաղաք Անին արաբների ասպատակումներից պաշտպանելու համար, հայոց արքաները կառուցում են մի քանի հենակետ-բերդաքաղաքներ՝ ստեղծելով Ամբերդ-Կոշ-Աշնակ-Թալին պաշտպանական գիծը։ 11-րդ դարում՝ Գագիկ Առաջին արքայի մահից հետո, Ամբերդն անցնում է նրա ավագ որդի Հովհաննես-Սմբատին, իսկ հետագայում՝ սպարապետ Վահրամ Պահլավունուն։ Այդ դժվարին ժամանակներում հենց Ամբերդն էր պաշտպանում Շիրակի դաշտավայրը՝ հարավից և արևելքից։
Բագրատունյաց թագավորության անկումից հետո՝1064 թվականներին, ամրոցը գրավում են սելջուկ-թուրքերը։ Քաջ գիտակցելով այս անառիկ բերդի ռազմական նշանակությունը՝ սելջուկները չեն ավիրում այն, այլ ամրանում են Ամբերդում։ Սակայն 1196 թվականին հայ-վրացական ուժերը՝ Զաքարյան հռչակավոր իշխանների գլխավորությամբ ազատագրում են ամրոցը։ 1200 թ-ին Զաքարիա իշխանը Անտառուտ գյուղում խաչքար է կանգնեցնում՝ հետևյալ արձանագրությամբ․ «Ես Զաքարե Ամիրսպասալար հայոց և վրաց, որդի մեծին Սարգսի, առի զանառիկ ամրոցն զԱնբերդոյ»։ Զաքարյաններն ամրոցը հանձնում են իրենց զորավարներից մեկին՝ Վաչե Վաչուտյանին, ով Ամբերդը դարձնում է իր իշխանանիստը։1236 թ․-ին Ամբերդը գրավում են մոնղոլները և այրում այն։ Հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ ամրոցում եղած բրոնզե և պղնձե իրերը հալվել ու ձուլվել են քարերին։ Բայց 13-րդ դարի վերջին Վաչուտյաններին հաջողվում է վերադարձնել և վերակառուցել ամրոցը։ Ավաղ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝14-րդ դարավերջին, Ամբերդը կործանվում է։
Ի դեպ, մինչև հիմա էլ գիտնականները վիճում են՝ որն է ճիշտ․ Անբերդ՝ ն-ով, թե՞ Ամբերդ՝ մ-ով։ Պատմական աղբյուրներում գերազանցապես հանդիպում է Անբերդ՝ ն-ով ձևը։ Միջնադարյան պատմիչներից միայն Գրիգոր Պահլավունին է գրում մ-ով՝ «Ամբերդ» ․ երկու անգամ էլ գրության այս ձևը հանդիպում է վիմական արձանագրություններում։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին կարծում էր, որ «Անբերդն» ու «Անին» նույնարմատ բառեր են և երկուսն էլ ծագել են Անահիտ դիցուհու պաշտամունքից։ «Անբերդ» անվանումը մեկնաբանում են նաև, որպես «անառիկ բերդ», սակայն ժամանակակից հայերենում ընդունված է միայն «Ամբերդ» տարբերակը, որը ստուգաբանվում է որպես՝ «ամուր բերդ», կամ նույնիսկ՝ «ամպերի բերդ»․ չմոռանանք, որ ամրոցը կառուցված է Արագածի լանջին, որտեղ հաճախ հանգրվանում են թափառական ամպերը։
Դե ինչ, հանգստացա՞ր․․․Հիմա իջիր դիտակետից ու քայլիր արահետով։
Բերդի պարսպի դիմաց, այնտեղ, որտեղ երևում են"աչքուլունքներն"
– Այստեղից շատ լավ երևում են բերդաքաղաքի պարիսպները։ Տեսնո՞ւմ ես ինչքան վեհ ու շքեղ են իրենց քարակերտ տոկունությամբ։ Պատի միակ «հարդարանքը» «աչքուլունքներն» են, որոնք կարելի է տեսնել անգամ անզեն աչքով։ Նայիր մեջտեղի աշտարակին ու վերևից հինգ շարք ներքև իջիր։ Տեսնո՞ւմ ես կարմիր կետը․դա կավե թաս է, որը ներկառուցված է պատի մեջ։ Նույնատիպ թասեր կան նաև աջ և ձախ աշտարակներին։ Մեր նախնիները հավատում էին, որ այս «աչքուլունքները» պաշտպանում են ամրոցի բնակիչներին չար ուժերից։
Իսկ հիմա շարունակիր ճանապարհդ, որպեսզի իմանաս, թե էլ ինչ զարմանալի գաղտնիքներ է թաքցնում Ամբերդը։
Մի փոքր ներքև, այնտեղ, որտեղ "կտրում էին ժայռը":
-Դու հիմա անցնում ես մի ճանապարհով, որի տեղում ժամանակին հսկա ժայռ է եղել։ Ամբերդի հմուտ շինարարները ժայռը կտրելով միանգամից երկու խնդիր են լուծել՝ ժայռի քարերով կառուցել են ամրոցն ու դժվարանցանելի են դարձրել բերդ տանող ճանապարհը։
Շարունակիր արահետով աջ գնալ, կհանդիպենք ձորի բերանին։
Կիրճի մոտ, մուտքի դիմաց
– Սա Ամբերդ ամրոցի Ամբերդ մուտքն է, իսկ ձորի միջով հոսում է Ամբերդ գետը։ Դիմացի ափին հստակ երևում է մի արահետ, որը ժամանակին բանուկ ճանապարհ է եղել։ Այս ճանապարհով բերդաքաղաք էին գալիս Շիրակից և Անի մայրաքաղաքից:Այս ճանապարհով Ամբերդ էր գալիս նաև հայոց արքան։ Եկվորներն իջնում էին ձորն ու կամարակապ կամրջով անցնում գետը։ Գետի ափին էին կառուցված նաև բերդին ալյուր մատակարարող ջրաղացները։ Ցավոք այսօր չեն պահպանվել ո՛չ ջրաղացները, ո՛չ էլ կամուրջը։
Բերդատեր իշխանները տարբեր ժամանակներում ամրացրել են այս անառիկ հենակետը, բայց ամենազարմանալին հայ ճարտարապետների հնարքն էր․ նրանք շատ լավ գիտեին, որ թշնամու զինվորը վահանը բռնում էր ձախ ձեռքով, իսկ թուրը աջ ձեռքով, հետևաբար, աջ ուսն անպաշտպան էր մնում։ Սա հաշվի առնելով, բերդի երկու մուտքն էլ այնպես են կառուցում, որ մտնողը աջ կողմով մոտենար պարսպին, որպեսզի բերդի պահապանները կարողանային հեշտությամբ խոցել թշնամուն։
Դարպասով ներս մտիր։ Բերդի պահապանները սպասում են քեզ։
Դարպասի մոտ` բերդի պաշտպան
Լավ է, որ լույսով ես եկել․ երեկոյան մենք փակում ենք ամրոցի դարպասներն ու կողպում հսկայական գերանով։ Տեսնո՞ւմ ես այս երկու անցքը։ Փոքրը խաղաղ ժամանակների համար է, իսկ մյուսը, որն ավելի խորն է, դարպասը առավել ամուր փակելու և թշնամուց պաշտպանվելու համար է։
Մեր բերդն անառիկ է։
Աջ կողմում պահակակետն է։ Հիմա այն ավերակ է, բայց ժամանակին երկհարկանի հարմարավետ շինություն է եղել։ Մտի՛ր, մի՛ վախեցիր։
Այստեղ մենք լուսացնում էինք գիշերները՝ խաղաղ օրերին մարտական պատմություններ պատմում, իսկ անհանգիստ ժամանակ՝ ականջ դնում գիշերվա ամեն շշուկին։ Թշնամուն մենք դիմավորում էինք երկրորդ հարկի կրակակետից։
Երբ ներս էիր գալիս, մուտքի վերևում նկատեցի՞ր մի նեղ պատուհան։ Դա հրակնատ է։ Այն դրսից շատ նեղ է, որպեսզի ոսոխի նետաձիգը չկարողանա քեզ վիրավորել, իսկ ներսից որքան հնարավոր է լայն է, որ կարողանաս ազատ շարժվել։
Հին ու նոր դարպասների արանքում
Բագրատունիները պարիսպը կառուցել են ավելի մեծ քարաբեկորներով․ այդ շրջանում քիչ էր կիրառվում շաղախը, և պարիսպը կանգուն էր մնում հսկա քարերի ծանրության հաշվին։ Հիմա նայիր Զաքարյանների կառուցած պարսպին․ քարերն ավելի փոքր են, քանի որ 13-րդ դարում շինարարներն արդեն օգտագործում էին կրով բացված շաղախը։
Երբեմն ամրոցի պահապանները խորամանկ քայլի էին դիմում․ թշնամու զորքից մի փոքր ջոկատ ներս էին թողնում․ նրանք ներխուժում էին ամրոցն ու հայտնվում ծուղակում՝ երկու պարիսպների արանքում։ Հայոց կայազորը շրջապատում էր թշնամուն ու նետահարում նրան։
Ջրամբարի դիմաց
Մինչև ավազաններում ամբարվելը ջուրը մի քանի անգամ մաքրվում էր։ Նախ այն լցվում էր առաջին կարասի մեջ։ Ավազն ու տիղմը մնում էր կարասի հատակին, իսկ մաքուր ջուրը բարձրանում էր ու լցվում երկրորդ կարասը, նորից մաքրվում ու հետո միայն լցվում ջրամբարները։
Իհարկե, բերդի բնակիչները չէին կարող հույսը միայն հողի տակ թաքնված խողովակների վրա դնել․ եթե թշնամին գտներ դրանք, նա հեշտությամբ կկոտրեր անառիկ ամրոցի պաշտպանությունը։ Այդ պատճառով բերդն ունեցել է նաև երկու գաղտնուղի՝ մեկը սկիզբ էր առնում ամրոցի հարավային պարսպից ու տանում Ամբերդաձոր, իսկ մյուսը կառուցվել է արևմտյան պարսպի մոտ։
Արի շարունակենք ճանապարհը։ Այստեղից թե ձախ գնաս, կմտնես դղյակը, իսկ թե աջ գնաս, կտեսնես բաղնիքը, բերդի մատուռն ու դեպի քաղաքը տանող արահետը։
Այն կետը, որտեղ պալատը տեսանելի է
Երրորդ հարկում եղել է զորանոցը։ Դղյակը ունեցել է հարթ տանիք, և բերդի պահապանները հերթապահել են նաև կտուրին։ Վարկած կա, որ ամրոցի աշտարակները եղել են ատամնավոր, քանի որ այդպես աղեղնավորներին ավելի հեշտ էր պատսպարվել թշնամուց ու խոցել հակառակորդին։
Ձախ կողմի արահետով ուղիղ դղյակի մուտքի մոտ դուրս կգաս։ Սա հենց այն արահետն է, որով հազար տարի առաջ բնակիչները դուրս էին գալիս ամրոցից, գնում քաղաք, եկեղեցի կամ շուկա։
Ամրոցի մուտքի մոտ
Ձախ կողմում պահակակետն է եղել․ ժամապահը կանգնել է այս կիսակլոր սենյակում ու ստուգել՝ մտնողն ով է ՝ արքայի հյո՞ւրը, թե՞ նենգ մի լրտես։ Դու բարձրացիր աստիճանով, իսկ ես շարունակեմ պատմել։
Դղյակի առաջին երկու հարկերը բաժանվել են երկու մասի․ առաջինում սենյակներն իրար կապող երկար միջանցք էր, իսկ երկրորդ մասում հնգական սենյակ կար։
Հիմա ամրոցից միայն աստիճանն ու փլված պատերն են մնացել, բայց այն ժամանակին վեհաշուք պալատ է եղել։ Դղյակի արտաքին՝ պաշտպանող պատերն ավելի ամուր էին ու լցված էին կրով, իսկ ներքին պատերը կառուցելիս շինարարները խնայում էին կիրն ու պատը լցնում հողով։
Առաջին հարկի առաստաղը երկրորդ հարկի հատակն էր։ Հիմա ուշադիր նայիր դիմացի պատին, տեսնո՞ւմ ես դուրս ցցված քարերը։ Դրանց վրա դնում էին հսկայական գերաններ, որոնց վրա էլ հավաքում էին ծածկը։
Այժմ նայիր կամարաձև պատուհաններին։ Դրանք իշխանական ապարանքի լուսամուտներն են, որոնք ժամանակին պաշտպանված էին ճաղերով։ Արքան ապրում էր ձախ սենյակում։ Եթե ուշադիր նայես, փլված պատերը դեռ պահպանել են կրաշաղախ սվաղի հետքերը․ սա միակ սենյակն էր ողջ դղյակում, որի պատերը սվաղված էին, ով գիտի, գուցե, նաև որմնանկարներով զարդարված։ Բացի այդ, նույնիսկ ընդարձակ հարևան սրահի համամեմատ, այս սենյակի առաստաղն ավելի բարձր էր․ դա կացարանի բնակչի բարձր դիրքի յուրօրինակ խորհրդանիշն էր։
Հոգնեցի՞ր։ Նստի՛ր, նայի՛ր ձորին, փորձի՛ր պատկերացնել հրվանդանին փռված աղմկոտ քաղաքը։
Ժամանակն է շարունակել մեր ճանապարհը։ Ամրոցը դեռ շատ գաղտնիքներ ունի։
Լոգարանի դիմաց
1930-ականներին Ամբերդի պեղումները ղեկավարող Հովսեփ Օրբելին կարծում էր, որ բաղնիքը կառուցվել է 11-րդ դարում և անդադար գործել է մինչև 13-րդ դարը։ Նախկինում բաղնիքը տաքացվել է դեռևս անտիկ շրջանից Հայաստանում հայտնի հիպոկաուստ սիստեմով։ Հատակը բարձրացվել է գետնից քարե սյուներով ու տաքացվել ծածկի ու գետնի միջև անցնող տաք գոլորշիով։ Ստացվում է, որ հնոցին ամենամոտ գտնվող սենյակը ամենատաք սենյակն էր, իսկ մուտքից առաջին սենյակն ավելի զով էր ու, հավանաբար, ծառայում էր որպես հանդերձասրահ։
Հիմա նայիր դիմացի կիսաքանդ պատին։ Ջուրը տաքացրել են հենց այս խորշում, որն իրականում բաղնիքի հնոցն է։ Այն եղել է երկհարկանի․ երկրորդ հարկը ծառայել է որպես քարե կաթսա։ Դրա մասին են վկայում կառույցի անջրաթափանց պատերը։ Սակայն հետագայում հնոցում տեղադրվում է պղնձե կաթսա, որից ջուրը մետաղե խողովակներով լցվում է քարե գռերի մեջ։ Մետաղե խողովակները շատ հազվադեպ երևույթ էին միջնադարի համար, մինչդեռ ա՛յս բաղնիքում եղել են անգամ պտուտակներով բրոնզե ծորակներ։
Կատարելագործվել է նաև բաղնիքի «ջեռուցման համակարգը»․ տաք գոլորշին անց է կացվել ոչ միայն հատակի տակով, այլև պատերի մեջ ներկառուցված կավե խողովակներով։
Բաղնիքի մերձակայքում գիտնականները պեղել են կավե խողովակների մի ամբողջ համակարգ, որի գլխավոր ջրատարը հասել է մինչև բերդի պարիսպը, դուրս եկել պարսպապատում բացված փոքր անցքով ու մի քանի կիլոմետր բարձրացել Արագածի լանջին։ Ահա թե որտեղից է բերվել բաղնիքի ջուրը։
Ծաղրածուի գերեզմանը
Ծաղրածուի ծնոտը կոտրված էր, բերանը միշտ բաց էր՝ լայն «ժպիտով»։ Կողոսկրերն ու ողնաշարը նույնպես ջարդված էին․ պալատական այդ կատակերգուն նաև կուզիկ էր։ Հայաստանում հնուց ի վեր կատակերգու գուսաններին «կատակ» էին անվանում։ Ամբերդում գտնված այլանդակված կմախքը միանգամայն պարզ է դարձնում հայերեն «խեղկատակ» բառի հրեշավոր իմաստը՝ խեղված, խեղանդամ կատակ։
Մանուկներին խեղելու և հետագայում նրանց արքաների ու իշխանների արքունիք վաճառելու ավանդույթ Հայաստանում չի եղել։ Հավանաբար, Ամբերդի խեղկատակը գնվել էր հեռավոր մի երկրից։
Մատուռ, ասում է աղջիկը
– Հեռո՛ւ գնա այստեղից, մի՛ անհանգստացրու իմ յարին։ Այս մատուռում է թաղված Վաչուտյան իշխանը։ Նա արի էր ու շատ գեղեցիկ։ Բայց սելջուկ-թուրքերը սպանեցին նրան։ Գիտե՞ս, ինչ արեցի ես։ Երկար ծամերս կտրեցի, ռազմիկի զգեստ հագա, վերցրի նիզակն ու թուրը և իմ սիրելի իշխանի վրեժը լուծեցի։
Ճանապարհ դեպի քաղաք
Դե ինչ, գնա։ Կհանդիպենք եկեղեցում։
Կետ, որտեղից երևում է Արարատը
– Մինչ եկեղեցի մտնելը, արի մի պահ կանգ առնենք ու նայենք Մասիսին։ Եթե բախտդ բերել է ու լեռը երևում է, ինքդ ես տեսնում, որ այստեղից Մասիսն աննման գեղեցիկ է։
Եկեղեցի։ Դրսում։
Այստեղ հասնող ուժգին քամիների պատճառով Ամբերդի եկեղեցին արևմտյան մուտք չունի, այն ունի միայն երկու դուռ՝ հյուսիսում և հարավում։ Տես, որքա՜ն սքանչելի է գլխավոր, հարավային մուտքը՝ զարդարված կիսասյուների գեղեցիկ փնջերով, որոնց վրա հենվել է կամարը։ Նկատեցի՞ր, որ սյուների խոյակները համաչափ չեն, այլ, կարծես, մի փոքր շեղված են դեպի դուրս։ Եթե կողքից նայես, ավելի լավ կտեսնես։
Դռան վերին հատվածում՝ բարավորին, հազիվ նշմարվում է Վահրամաշենի երեք վիմական արձանագրություններից մեկը, որը, ցավոք, սաստիկ հողմահարված է ու գրեթե անընթեռնելի։ Սակայն եկեղեցու ամենակարևոր արձանագրությունը մենք կգտնենք ներսում։
Բայց մինչ եկեղեցի մտնելը, ե՛կ ուսումնասիրենք շրջակայքը։
Եկեղեցու հարավային մուտքի մոտ դու տեսնում ես զանազան տապանաքարեր։ Հայտնի է, որ 13-րդ դարում, երբ բերդը պաշարում են թաթար-մոնղոլները, ամրոցում և քաղաքում մոլեգնում էր համաճարակը, ինչն էլ ի վերջո դառնում է ամրոցի կործանման պատճառը։ Համաճարակից մահացածներին էլ թաղում են եկեղեցու մոտ։
Տապանաքարերն ուսումնասիրելիս մի պահ հայացքդ սևեռիր ձորի հակառակ կողմը։ Մի փոքր ցած նայիր։ Տեսնո՞ւմ ես հսկայական «ոտնահետքը»։ Ըստ ավանդազրույցի Աշոտ Երկաթ թագավորն այնքան հաղթանդամ էր, որ երբ զբոսնում էր հայոց ձորերով, մի ոտքը դնում էր ձորի մի ափին, մյուսն էլ հենում մյուս ափին։
Մի պահ էլ ոտքդ կախ գցիր, քեզ մի անհավատալի բան ցույց տամ։ Խաչքարերի մոտով շրջանցիր եկեղեցին։ Վանքը կառուցված է հսկայական բազալտե քարերից, որոնք այստեղ են բերվել Արքաշեն գետի մյուս կողմում գտնվող քարհանքից։ Բոլոր քարերը տարբեր չափ ու ձև ունեն։ Մոտեցիր անկյանը, տեսնո՞ւմ ես՝ ինչպես է վարպետը դասավորել քարերը, ինչպես է տաշել այս բեկորը, որպեսզի «զրոյացնի» երկու կտորի միջև եղած տարբերությունը։
Եկեղեցի։ Ներսում
Իսկ հիմա լսիր եկեղեցու լռությունը։ ․․․ (Пуза.) Լսեցի՞ր։ Հայկական եկեղեցիները հրաշալի ակուստիկ հնչեղություն ունեն, բայց այս մեկը դարձյալ յուրահատուկ է։ Գմբեթը թեթևացնելու, և ձայնն առավել հնչեղ դարձնելու համար, կտուրի կիսաշաղախի մեջ օգտագործել են մեծ ու փոքր կավե ամաններ։
Եկեղեցում միշտ անդորր է ու զով։ Օգոստոսին այստեղ սիրում են հանգստանալ օձերը, որոնք թաքնվում են տաճարի պատերի տակ։ Զգույշ եղիր, չխանգարես նրանց։
Հիմա նայենք պատուհաններին։ Ինչպես արդեն նշեցի, ձորից ուժգին քամիներ են բարձրանում, այդ պատճառով եկեղեցու լուսամուտները դրսից շատ նեղ են, իսկ ներսից բացվում են լայն փռվածքով, որպեսզի լույսը սփռվի ողջ վանքով մեկ։
Դամբարան, պատմում է ճգնավոր Դավիթը
Չգիտեմ՝ ինչու միայն ինձ բաժին հասավ այս տաճարում հանգչելու պատիվը։ Հոգևոր հայրերից շատերն են թաղվել եկեղեցու բակում կամ գավիթում, բայց ոչ տաճարի ներսում՝ ավանդատանը։
Լավ, դուրս արի, մի՛ խանգարի ինձ աղոթել։ Հայր մեր որ յերկինս ես…
Կետ, որտեղ հստակ երևում է քաղաքի հյուսիս-արևելյան պատը
– Զառիթափ ձորերն ու գոռ ապառաժները պատսպարում են ամրոցը երեք կողմից` անպաշտպան թողնելով միայն հյուսիս-արևելյան մասը։ Այդ պատճառով էլ պարսպապատն այստեղ հագեցած է խիտ-խիտ տեղավորված բոլորաձև կլոր աշտարակներով՝ բուրգերով։ Պարիսպը բաժանվում է երեք հատվածի՝ յուրաքանչյուրում չորսական բուրգ։
Չորս բուրգերից մեջտեղի երկուսը եզրային երկու բուրգի նկատմամբ ավելի ներս են տեղակայված։ Այս հնարքի շնորհիվ, երբ թշնամին մոտենում էր մեջտեղի բուրգերից մեկին, մնացած երեքի պահապանները կարող էին հարվածել նրան ոչ միայն կողքից, այլ նաև թիկունքից, և որպեսզի նետաձիգներն ավելի դիպուկ կրակեին, հարևան երկու բուրգի միջև եղած ամենամեծ տարածությունը ընդամենը 30 մետր է։
Երկրորդ ելքը
Տեսնո՞ւմ ես, ինչպես է քարտաշ վարպետը հավաքել մուտքի կամարը։ Կենտրոնում սեպաձև կողպեք-քարն է։ Հաշվարկն այնպես է արվել, որ դեպի ներքև նեղացող քարերը պահեն միմիայնց իրենց քաշի ու ձևի հաշվին։ Զարմանալի է, ինչպես է այդքան դար կանգուն մնացել միջնադարյան այս քարե փազլը։
***
Դե ինչ, մեր ուղևորությունը մոտեցավ ավարտին։ Այս արահետով կարող ես շրջանցել բերդաքաղաքն ու բարձրանալ արգելոցի դարպասի մոտ։ Հուսով եմ Հայոց աշխարհի պանծալի բերդերից մեկն անտարբեր չթողեց քեզ, ու դու կհիշես հպարտ արքաներին, բերդատեր իշխաններին, ամրոցի քաջարի պահապաններին, սուրբ ճգնավորին, հանճարեղ շինարարներին ու քարտաշ վարպետներին։
Հետադարձ ճանապարհին չմոռանաս մի պահ կանգ առնել ու հրաժեշտ տալ ամպերի մեջ կախված Ամբերդին։ Գնա՛ս բարով